38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Արժութաֆինանսական վարկած

Արժութաֆինանսական վարկած
19.07.2013 | 12:07

Թե ինչպես Հիսուսը գուշակեց փարիսեցիների չարաշահումները, ինչի համար էլ նրան խաչեցին

Հրեաստանը Հռոմեական կայսրության միակ պրովինցիան էր (մարզը), որին արտոնված էր իր դրամը հատել։ Ճիշտ է, որոշակի սահմանափակումներով. հրեաները կարող էին հատել միայն սիկղ` կրոնական հատուկ փող։ Բանն այն է, որ հռոմեական մետաղադրամների վրա դրոշմված էին հեթանոսական պատկերներ, որոնք, համաձայն հրեական հավատի, տաճար մտցնել չէր կարելի։ Բայց միաժամանակ էլ նվիրատվություն անել պետք էր, ուստի և ղևտացիք (հրեական տաճարի սպասավորներ) Հռոմից իրավունք խնդրեցին հատելու իրենց դրամը։

Հին աշխարհի տնտեսությունն ավելի պարզ էր։ Բայց Քրիստոսի սպանությանը հանգեցրած, քրիստոնեության բյուրեղացման հատիկ հանդիսացած զսպանակի գաղտնիքները հասկանալու համար հարկավոր է մի քիչ գլուխ հանել Հռոմեական կայսրության ֆինանսական համակարգից։ Որովհետև (այսօրվա լեզվով ասած) Քրիստոսին կործանեցին այն օրերի օլիգարխները, քանի որ նա պահանջել էր վերջ դնել դրամարժեզրկման վրա հիմնված արժութային չարաշահումներին և կապիտալը ներդնել տնտեսության իրական ոլորտներում։ Երկրաբանորեն այնպես էր ստացվել, որ Արևելքում կային ոսկու հանքեր, իսկ Ապենիններում` արծաթի։ Հռոմը հարուստ էր արծաթով, իսկ Ասիան` ոսկով։ ՈՒստի 1 կգ ոսկին մայր երկրում արժեր 12,6 գ արծաթ, իսկ Արևելքում (այդ թվում նաև` Երուսաղեմում) նույն 1 գ ոսկուն տալիս էին 4,7 գ արծաթ։ Վաղ թե ուշ ի հայտ էին գալու փոխարժեքների այդ տարբերությունից օգտվողներ։
Ի դեպ, այն ժամանակ Հրեաստանը, բացի հռոմեացի փոխարքայից, կառավարում էր «կրոնական խորհրդարանը»` սինեդրիոնը։ Խորհրդարանը ներկայացնում էին երկու կուսակցություններ` սադուկեցիք ու փարիսեցիք։ Մեզ համար ամենևին կարևոր չէ, թե որքան էին նրանք միմյանցից տարբերվում իրենց գաղափարախոսությամբ, խորամուխ չենք լինի նրանց կրոնական տարբերությունների մեջ։ Բայց եթե նորից ժամանակակից քաղաքական զուգահեռներ անցկացնենք, ապա սադուկեցիք ավելի մոտ էին հայրենանվերներին, իսկ փարիսեցիք` կենտրոնամետներին` ազատականության թեթև երանգով։
Ավետարանն ընթերցելիս ապշահար ես լինում Երուսաղեմի տաճարում Քրիստոսի սարքած տհաճ տեսարանից։ Նրա նկարագրին այնքա՜ն անհարիր էր հանկարծահաս «ագրեսիայի ժայթքումը». սեղաններն էր շուռ տալիս, ճչում, հայհոյում էր։ Քրիստոսն ինչո՞ւ պիտի հենց այդ օրը տաճարից քշեր առևտրականներին, որոնց մինչ այդ նա այդտեղ տեսել էր բազմիցս։ Բայց բանն այն է, որ սիկղը վաճառվում էր տաճարի հենց մուտքի մոտ դրված փոխանակման սեղանիկների վրա (հենց այդ սեղանիկներն էլ շուռ էր տալիս Քրիստոսը)։ Դա «զորավոր» մետաղադրամ էր` 1 սիկղը հավասար էր ամբողջ 20 դինարի։ Ամեն չափահաս հրեա պարտավոր էր Զատկին տաճարին նվիրաբերել կես սիկղ։ Բանն այն է, որ ամենամյա պարտադիր նվիրատվությունները տեղական իշխանությանը` փարիսեցիներին ու սադուկեցիներին օժանդակություն ցուցաբերելու համար հասարակ հրեաներից գանձվող հարկի նման բան էին։ Ահա այսպիսի կոռուպցիոն համակարգ էր այն ժամանակ գործում իշխանական միջավայրում։
ՓԱՐԻՍԵՑԻՔ։ Հրեական կրոնական և քաղաքական կուսակցություն է։ Այն միակն է հրեական կուսակցություններից ու խմբերից, որոնք պահպանվեցին նաև Երուսաղեմի անկումից հետո։ Հենց դրա համար էլ արդի հուդայականության հիմքում ընկած են առավելապես փարիսեցիական ավանդույթներ։ Փարիսեցիք խստորեն հետևում էին օրենքի պահպանմանը։ Հիսուսի ժամանակներում հրեա ժողովրդի քաղաքական առաջնորդները, բարձրաստիճան հոգևորականության և խորհրդարանի մեծ մասը հունամետ սադուկեցիներից էին, բայց ժողովրդի հոգևոր առաջնորդները մնում էին փարիսեցիք։ Թեև նրանց մեծ մասը հոգևորական չէր, այնուամենայնիվ, նրանք պատվարժան ու օրինապահ մարդիկ էին, որոնք ամբողջ հոգով ձգտում էին հավատարիմ մնալ օրենքին` որպես Աստծո կամքի։ Նրանք ընդունում էին բարի և չար ոգիների, հանդերձյալ կյանքի գոյությունն ու մարմնի հարություն առնելը։ Այս առումով Հիսուսը նրանց գիտության մեջ ոչ մի դատապարտելի բան չէր գտնում, բայց միևնույն ժամանակ նախազգուշացնում էր կույր ընդօրինակումից, քանի որ փարիսեցիք ապավինում էին սեփական իմացությանը և ոչ թե Տիրոջը։ Փարիսեցիներն իրենց սահմանափակում էին օրենքի առերևույթ կատարմամբ, միևնույն ժամանակ ձգտելով օրենքն օժտել նոր կանոններով ու պատգամներով, որոնք կոչված էին կանոնակարգելու նրա կիրարկումը։ Մինչդեռ իրականում նրանք ավելի ու ավելի էին հեռանում Աստծո կամքից, ինչի հետևանքը ոչ իմացյալ և դրանով իսկ առավել վտանգավոր երեսպաշտությունն ու ինքնահիացումն էր։ Օրենքի կիրարկման փարիսեցիական պատգամները մասամբ բացահայտորեն օրենքի շրջանցման նպատակ էին հետապնդում (օրինակ, շաբաթ օրերին ավանակով տեղ գնալիս թամբին ջրի տիկեր էին դնում, որովհետև օրենքը թույլ էր տալիս շաբաթ օրերին ջրով ավելի շատ տարածություն անցնել, քան ցամաքով)։ Բայց գլխավոր պատվիրանին, Աստծո ու մերձավորի նկատմամբ սիրուն փարիսեցիք պատշաճ ուշադրություն չէին դարձնում կամ այն տարածում էին միայն փարիսեցիների վրա։ Փարիսեցիք համոզված էին, որ իրենք Աբրահամի միակ իսկական զավակներն ու Աստծո որդիք են, Մովսեսի իսկական աշակերտները, հոգու աչքով տեսնող մարդիկ։ Այս կեղծ համոզմունքը նրանց դարձնում էր ամբարտավան, իշխանասեր և անգամ հասցնում էր աստվածանարգության, երբ նրանք վկա էին դառնում սբ. Հոգու ակնհայտ, բայց իրենց ոչ ձեռնտու գործողության։ Նրանք նախանձախնդիր էին իրենց վարկի հարցում։ Իրենց չափազանց ջանադիր միսիոներական փութաջանությամբ փարիսեցիք փակում էին բոլոր նրանց երկնային արքայության ուղին, ովքեր իրոք Աստված էին փնտրում և իրենց կողմից դարձի բերված հեթանոսին առաջնորդում էին դեպի անխուսափելի հոգևոր մահ։ Դրա համար էլ Հիսուսը նրանց «դևի որդիք» էր անվանում։
ՍԱԴՈՒԿԵՑԻՔ։ Հրեական կրոնական կուսակցություն է, իր անվանումն ստացել է ոմն Ցադովկոսի (Սադովկոսի) անունից։ Նա, հավանաբար, քահանայապետ է եղել Դավթի և Սողոմոնի ժամանակներում, և այդ ժամանակվանից ի վեր նրա տոհմում քահանայապետի պաշտոնը փոխանցվել է ժառանգաբար։ Սադուկեցիք խիստ քաղաքականացած էին և գտնվում էին զգալիորեն ուժեղ հելլենիստական ազդեցության ներքո։ Սադուկեցիք փարիսեցիների հակառակորդներն էին։ Ժողովրդի վրա նրանց ազդեցությունն աննշան էր, սակայն սադուկեցի հոգևորականները խորհրդարանում (սինեդրիոնում) ձևավորում էին քահանայապետին հավատարիմ խմբակցություն և այդ կերպ մասնակցում երկրի քաղաքական ղեկավարմանը, արտահայտելով ազնվականության շահերը։ Հիսուսի հրապարակային ելույթների շրջանում նրանց քաղաքականությունը հռոմեացիների նկատմամբ ընդհանուր առմամբ բարեկամական էր։ Հիսուսի դեմ պայքարում սադուկեցիք ու փարիսեցիք հանդես էին գալիս միասնական ճակատով, բայց առաջնորդվում էին տարբեր շարժառիթներով. փարիսեցիներն ատում էին Հիսուսին նրա ուսմունքի ու գործերի համար, իսկ սադուկեցիք, հավանաբար, համարում էին, թե Հիսուսին վերացնելն անհրաժեշտ է, ավելի շուտ, քաղաքական նկատառումներով։
Սադուկեցիք ու փարիսեցիք միահամուռ ընդունում էին Մովսեսի «Հնգամատյանը», սակայն սադուկեցիք մերժում էին «ամեն տեսակի ավանդություն և անգիր օրենք», այսինքն` փարիսեցիների մշակած պատգամները օրենքի պահպանման վերաբերյալ, և այնքան էլ բարձր չէին գնահատում «մարգարեից մատյանները»` ավետարանները։ Սակայն օրենքի առանձին հարցերի գծով նրանք է՛լ ավելի խստաբարո դատողություններ էին անում, քան իրենց հակառակորդ փարիսեցիք։ Լինելով իրատեսներ, նրանք չէին ընդունում մեռելների հարությունն ու հանդերձյալ կյանքը։ Փարիսեցիք պրագմատիկներ էին, իսկ սադուկեցիք` ուղղափառ։
Փոխանակման սեղանիկները, այսինքն` տաճարի ֆինանսական բոլոր հոսքերը լիովին գտնվում էին փարիսեցիների վերահսկողության ներքո։ Եվ դա բնական էր. պրագմատիկները միշտ ավելի մոտ են փողին, քան պնդաճակատ հայրենանվերները։ Պնդաճակատության համար, ի դեպ, փարիսեցիք սադուկեցիներին չէին սիրում։ Չէին սիրում, բայց ֆինանսապես աջակցում էին... Ինչո՞ւ։ Մոտավորապես նույն բանի համար, ինչի համար հիմիկվա ֆինանսիստներն են աջակցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը... Սադուկեցի հայրենանվերները միշտ կոշտ քննադատում էին «արևմտյան զավթիչներին», այդ կերպ ժողովրդի ցասման սլաքն ուղղելով հռոմեացիների դեմ` շեղելով փարիսեցիներից։ Սադուկեցի հայրենանվերները կարեկցում էին զելոտ նվիրյալներին։ Սադուկեցիք շարունակ խոսում էին արևմտյան վարակով ախտահարվող ավանդական արժեքների մասին։ Կարճ ասած, սադուկեցիք աշխատավոր զանգվածների ուշադրությունը շեղում էին հարստացող ղևտացիներից։ Իբր, ամեն ինչում հռոմեացիներն են մեղավոր։ Թեև ամեն ինչ հակառակն էր։
Պրագմատիկ փարիսեցիք փոխանակման սեղանիկներից ստացված արծաթը 1։4,7 փոխարժեքով ոսկու էին վերածում, բեռնում էին նավերն ու տանում Հռոմ, ուր 1։12,6 փոխարժեքով փոխանակում էին արծաթի հետ, արծաթը հետ էին բերում, նորից ոսկու հետ փոխանակում ու էլի ճամփա ընկնում միջերկրածովյան հայտնի երթուղով։ ՈՒոլ Սթրիթը, անգամ երազում, արժութային գործարքի նման շահութաբերություն չի տեսել։ Իսկ Հռո՞մը։ «Հռոմը կործանեց ցոփությունը» հանրահայտ խոսքը գրեթե անվայելուչ է։ Բայց դա դառը ճշմարտություն է։ Ծայրագավառներից Հռոմը կանոնավորապես հարկեր էր ստանում։ Բայց մետաղադրամի տեսքով ստացվող ոսկին չէր կուտակվում, այլ ավազի պես սորում-կորչում էր մատների արանքով։ Նախ, այն ամենակենցաղային օգտապաշտությամբ ձուլում, զարդեր էին սարքում։ Երկրորդ, արծաթե սեստերցիուսով (հին հռոմեական մետաղադրամ) էին վճարվում եկվոր արտիստների հսկայական հոնորարները, ովքեր մեկնելուց առաջ, բնականաբար, արծաթը վերածում էին «միջազգային արժույթի»` ոսկու, և տանում էին Հռոմ։ Հռոմում անվճար ներկայացումներ էին տրվում պլեբեյների համար։ Ոսկով հարկավոր էր վայրի գազաններ գնել Աֆրիկայից` գլադիատորական մարտերի համար, և պետք էր տարիներով վարժեցնել, սնել-պահել այդ նույն գլադիատորներին։ Փաստորեն, Հռոմի բոլոր ազնվականները, ինչպես վայել է մեծատոհմիկ ազնվականներին, վաղուց արդեն պարտքով էին ապրում։
Իսկ ովքե՞ր էին վաշխառուները, ում նրանք աներևակայելի գումարներ էին պարտք։ Նրանք մեծ մասամբ գավառացիներ էին` հրեաներ։ Մի խոսքով, ներքին պարտքն աճում էր։ Հռոմը անդունդ էր գլորվում։ Տիբերիոս կայսրը հասկանում էր դա։ Նա ձգտում էր պայքարել «ուտելու տնտեսության» դեմ, կռիվ էր տալիս ցոփության դեմ. հակաալկոհոլային հրամաններ էր արձակում, Հռոմից արտաքսում էր արտիստներին, անգամ փակել տվեց բարձրաշխարհիկ ռեստորանները, աշխատում էր կարգադրության ուժով զսպել գները... Բայց դա, բնականաբար, ոչ մի լավ բանի չհանգեցրեց։ Ընդհակառակը, փողն արժեզրկվեց ավելի շատ, սև շուկան «բարգավաճեց», հասարակության մեջ լարվածությունն ավելացավ։ Մեծացավ նաև ազնվականների ատելությունը վաշխառուների նկատմամբ, նաև ղեկավարների նյարդայնությունը փարիսեցիների ֆինանսական չարարկումների առնչությամբ, որոնք ամենևին էլ չէին նպաստում Հռոմի դրամական միավորի ամրապնդմանը։ Մեծանում էր նաև ազնվականների նյարդայնությունը Տիբերիոս կայսեր հանդեպ, որը սահմանափակում էր նրանց զվարճանքները։ ՈՒ քանի որ բանն այդպես է, դավադրություն էլ կլինի։ Եվ Տիբերիոսի սպանության նպատակով մահափորձ, իրոք, եղավ։ Մահափորձը կազմակերպել էր պրետորական գվարդիայի պրեֆեկտ (ինչպես հիմա կասեին` Հռոմի զինվորական օկրուգի հրամանատար) Լուկիանոս Էլիանոս Սեյանը։
Ի դեպ, մի ոչ մեծ, բայց հետաքրքիր շեղում. Լուկիանոս Էլիանոս Սեյանը ¥ծագումով էտրուսկ, մոտավորապես մ.թ.ա. 20-մ.թ. 18.10.31¤ Տիբերիոս կայսեր հովանավորյալն էր։ Մ.թ.ա. 14 թվականից պրետորացիների պրեֆեկտն էր, ապա պրետորական գվարդիայի միակ հրամանատարը։ Իբրև պրետորացիների պրեֆեկտ, նա մեծ ազդեցություն ուներ։ Հենց վարչարարի տաղանդը նրան հնարավորություն տվեց ստանձնելու ընթացիկ պետական գործերի ղեկավարումը, այդ բեռից ազատելով ծերացած Տիբերիոսին։ Սեյանը վերացրեց իրեն ոչ ձեռնտու բոլոր մարդկանց, այսպես, օրինակ, մ.թ. 23 թվականին` Դրուզոս կայսրորդուն, հետապնդում էր Գերմանիկոսի ընտանիքին և ձգտում էր ինքը նստել գահին։ Մ.թ. 26 թ. Սեյանը կայսրին հակեց հեռանալու Հռոմից, որպեսզի ինքը, նրա փոխանորդի կարգավիճակով, կառավարեր այն։ Այն բանից հետո, երբ Տիբերիոսը կամավոր հեռացավ Կապրի կղզի, Սեյանը դարձավ Հռոմի փաստական տիրակալ։ 31 թ., գտնվելով հզորության զենիթում, բռնվեց ու մահապատժի ենթարկվեց` դավադրության մեղադրանքով։ Նրա զավակները սպանվեցին, իսկ անունը մոռացության մատնվեց։ Սեյանի դավադրությունը տեղի էր ունեցել մ.թ. 30 թ.։ Առաջ համարվում էր, թե Քրիստոսին խաչ են հանել մ.թ. 33 թ., այսինքն` նրա 33 տարեկան հասակում։ Բայց արդի աստվածաբաններն ու պատմաբանները այդ տարեթիվը երեք տարի հետ են շարժել, այսինքն` 30 թվականին, և ստացվում է, որ այդ ամենը տեղի է ունեցել հենց Տիբերիոսի դեմ դավադրության շրջանում։
Սակայն Սեյանին աջակցություն էր պետք ի դեպս հնարավոր քաղաքացիական պատերազմի։ ՈՒ Սեյանը գրում է իր հին բարեկամներին, այդ թվում` Պիղատոս Պոնտացուն։ Օգնություն է խնդրում, և Պիղատոսը համաձայնում է։ Սակայն նրա առջև խնդիր է ծառանում. կայսեր գործերի կառավարիչը համոզված չէր, որ իր լեգեոներները կգնային կռվելու հանուն ինքնակոչի։ Առավել ևս, որ Հռոմում ու Արևելքում ոսկու-արծաթի փոխարժեքի տարբերության պատճառով նրանք Հրեաստանում էլ երիցս լավ կապրեին, քան մայր երկրում։ Էլ ինչու պիտի հայրենիք վերադառնային։ ՈՒրեմն, հարկավոր էր լեգեոներներին փող տալ։ Իսկ որտեղի՞ց փող։ Պիղատոսը հռոմեացի հասարակ մարդ էր և ապրում էր «չոր աշխատավարձով»։ Որտեղի՞ց պաշտոնյային այդքան փող։ Բայց կառավարիչը գիտեր, թե անհրաժեշտ գումար որտեղ կա։ Փարիսեցիների մոտ։ Այսպիսով, «Քրիստոսի գործով» Պիղատոս Պոնտացու դիրքորոշումը, նրա համաձայնությունը փարիսեցիների հետ, լիովին բացատրվում է ֆինանսական (ասել է թե` կոռուպցիոն) շահերով։ Ինքը Պիղատոսն ապրում էր Հրեաստանի մայրաքաղաք Կեսարիայում և միայն Զատկի տոնին էր գալիս Երուսաղեմ։ ՈՒ հենց նրա այցելության պահին մի երիտասարդ ջարդուփշուր է անում տաճարի մուտքի մոտի փոխանակման սեղանիկները։ Նման արարքի համար մահապատիժ էր հասնում, իսկ դատավճռի կայացումը Հռոմի իշխանությունների առանձնաշնորհն էր։ Բայց տարօրինակ երիտասարդը ամբոխին է նետում քաղաքական առումով հետաքրքիր (և մայր երկրում պահանջարկված) մի կարգախոս. «Կեսարինը տվեք Կեսարին»։ Եվ Պիղատոսը հասկանում է, որ ցույցը սարքված է անձամբ իր համար և ուղղված է փարիսեցիների ու սադուկեցիների դեմ։ Վերջիններս նաև հասկանում են, որ վճիռ կայացնելու համար Պիղատոսը կարող է պահանջել անձնական հանդիպում Հիսուսի հետ, ինչից և նրանք վախենում էին։ Փոխարենը հանդիպում է փնտրում Հիսուսը։ Նա տեսնում է, որ գնալով ահագնանում է Հռոմի նյարդայնությունը Երուսաղեմի ֆինանսական չարարկումների պատճառով։ Վիհ է տեսնում ղևտացիների ցոփության և քաղաքացիների աղքատության միջև։ Եվ միակ մարդը, ով դեռ ինչ-որ կերպ կարգուկանոն է պահպանում քաղաքում, Պիղատոս Պոնտացին է։ Քրիստոսը հասկանում է, որ այդ ամենը լավ վերջ չի ունենա, և վաղ թե ուշ լարվածությունը արյունահեղության կհանգեցնի։ Այդպես էլ եղավ։ Խաչ հանելուց հետո ապստամբություն բռնկեց, որը դաժանորեն ճնշվեց, իսկ տաճարը հռոմեացիների կողմից ավերվեց, ինչը և կանխատեսել էր Քրիստոսը։ Քրիստոսը անհրաժեշտ էր համարում սպեկուլյատիվ կապիտալը ներդնել խաղողի այգիների, արհեստանոցների, դարբնոցների, հանքավայրերի մեջ։ Նա արդեն ուներ իր կուսակցությունը. շրջում էր Հրեաստանում և կողմնակիցներ ժողովում։ Հիսուսն ուներ լիովին իրագործելի ծրագիր` մտնել խորհրդարան (սինեդրիոն), դադարեցնել սպեկուլյացիան, հոգ տանել փլուզվող քաղաքային տնտեսության մասին, օգնել կարիքավորներին։ Պիղատոսի օգնությամբ խորհրդարանում երրորդ` հիսուսական կուսակցության հայտնվելու ակտ «հաջողացնելն» ավելի իրատեսական էր։ Փոխարենը Քրիստոսը պարզապես Պիղատոսին կխոստանար «Կեսարինը տալ Կեսարին». նա կկարողանար գնել փոխանակման սեղանիկների մի մասը և ֆինանսական հոսքերը վերակողմնորոշել հօգուտ Հռոմի։ Այսպիսով, Հիսուսը սպառնալիք էր տաճարի ֆինանսական բարեկեցության համար։ ՈՒրեմն պետք է նրան հանձնել հռովմեացիներին։ Բայց նրան ինչպես վերցնես, եթե նա «թիկնապահներով» էր շրջում։ Եվ այստեղ Հիսուսն ինքն է իրեն «հրամցնում» (և հավանաբար` կանխամտածված)...
Եվ այսպես` Զատիկ է... Հիսուսը առաքյալների հետ է... Նրանց ձերբակալում են... Սկանդալ է սկսվում... Հիմա Հիսուսն արդեն հաստատ կընկնի Պիղատոսի մոտ, և նա ասելիք ունի կայսեր գործերի հավատարմատարին։ Քրիստոսի հաշվարկը ճիշտ էր։ Ի դեպ, Հուդան միայն օգնե՛ց նրան այդ ծրագրի իրականացման գործում. չէ՞ որ նա ընթրիքից հեռացել էր Քրիստոսի գիտությամբ։
Հիսուսը հաշվի չէր առել միայն մեկ հանգամանք. նա չէր իմացել, որ Հռոմում դավադրություն է հասունանում ընդդեմ Տիբերիոսի, և Պիղատոս Պոնտացին մեղսակից է դրան։ Իսկ Պիղատոսին շտապ փող էր պետք և ժամանակ չուներ իրագործելու Հիսուսի քաղաքական սխեմաները։ ՈՒ թեև սխեմաներն այդ, իրոք, հետաքրքիր էին, Պիղատոսը «խաչ էր քաշել» Հրեաստանի վրա։ Հնարավոր է, որ երբեք կյանքում Պիղատոսը չէր դավաճանի Քրիստոսին, եթե նրան շտապ, «վզանց» փող պետք չլիներ։ Չէ՞ որ ամբողջ 30 տաղանդ էին հավաքել Զատկի տոնի համար ղևտացիք։ Իսկ դա 780 կգ մաքուր ոսկի էր` 12 ձուլակտոր` 10x20x50 սմ չափսերով։ Դա հռոմեական մի ամբողջ լեգեոնի տարեկան վաստակն էր։ Հետո ինչ, որ այդ փողերն սպանեցին Քրիստոսին...
Երբ Տիբերիոսի դեմ ուղղված դավադրությունը բացահայտվեց, ու բոլորին «վերցրին», Պիղատոսը թեթև նկատողությամբ պրծավ. նրա մեղսակցությունը հնարավոր չեղավ ապացուցել։ Գայոս Պիղատոս Կալիգուլան պաշտոնաթող եղավ, Գալիայում (ներկայումս Շվեյցարիայի Վևեի կանտոնում) մեծ կալվածք գնեց, ուր և ապրեց մնացած օրերը։ Ավետարանի բոլոր գործող անձինք մեռան մեր թվարկության առաջին դարում։ Իսկ պատմությունը շարունակեց առաջ գլորվել։ Սակայն մերօրյա քաղաքական գործիչները գործում են նույն, դարերով ստուգված եղանակներով։


Դմիտրի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 17376

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ